ԿԱՐԾԻՔՆԵՐ

Վալմարը մեկն է այն տաղանդավոր արվեստագետներից, որոնք դեռևս 1970-ական թվականներին կանխորոշեցին հայ գեղանկարչության զարգացման նոր շրջանը: Իր ուսուցիչ Երվանդ Քոչարից ժառանգելով կամային այն հատկանիշները, որոնք նախանշեցին հետագա տարիների Վալմարի արվեստի զարգացման ընթացքը, ինչու ոչ` նաև միջազգային ասպարեզում իր արվեստը ներկայացնելու հետևողական, աննախընթաց ակտիվությունը, ինչը ինքնին ժամանակակից արվեստի տիրույթում նրա կայացման անուրանալի վկայությունն է:

Արվեստագետի ստեղծագործությունները ներանձնական խոր ապրումների յուրահատուկ խտացումներն են: Վերապրումներ, որոնք մշտապես գոյելով նրա ներաշխարհում, անընդհատ վերադառնում են որպես ստեղծագործական հիմնանյութ`ծնունդ տալով հուզական լարվածքով առանձնացող նոր պատկեր-երևակումների` անընդհատ բացելով հույզ-ապրումների ներթաքույց վիճակներ: Վալմարի ստեղծագործությունները նշանակալից ներդրում են հայ ժամանակակից կերպարվեստում:

Սարո Սարուխանյան,
Արվեստաբան

Ճանաչված նկարիչ Վալմարի գործերը վաղուց արդեն հայտնի են դարձել Հայաստանի սահմաններից դուրս և հանգրվանել արտասահմանյան բազմաթիվ երկրների պատկերասրահներում և անձնական հավաքածուներում: Կարելի է ասել, որ նա աշխարհում ամենաշատ ցուցադրվող հայ նկարիչներից է և այդ իմաստով ժամանակակից հայ կերպարվեստի յուրօրինակ դրոշակակիրը:
Վալմարի գեղանկարչությունը բարձրացնում է հայ արդի արվեստի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Նրա նկարների աննախադեպ հաջողությունը պայմանավորված է այն յուրահատուկ գեղանկարչական լեզվով, որի շնորհիվ այդ երկերն առանձնանում են այլ վարպետների աշխատանքների շարքում:
Վալմարի ստեղծագործական ընթացքը հղի է անսպասելի հայտնագործություններով, որոնք նոր, հարուստ երանգներ են հաղորդում նրա արվեստին և նաև ժամանակակից հայ գեղանկարչության ինքնատիպ նկարագրին:

Լևոն Չուգասզյան,
Արվեստագիտության դոկտոր

Միայն նկարչին հայտնի միջոցներով տեսանելի իրականության ընկալման արդյունքում է ստեղծվում Վալմարի կոմպոզիցիաների այն նուրբ կերպասը, որն ինքն առանց հոգնելու գործում է դիտորդի աչքի առաջ: Այդ աշխատանքների բազմանիստ տարածության մեջ արտացոլվում, ապրում, շարժվում են իրական կյանքից վերցված տարբեր կերպարների ու նյութերի տարրեր: Վալմարի վերլուծող և մտածող խառնվածքը անմիջապես կենտրոնանում է շրջապատող աշխարհի պլաստիկ բովանդակության վրա. նկարիչը գիտի, թե ինչպես հպվի առարկային, որ իր ուզած արձագանքը ստանա, որ տեսանելի դառնան անտեսանելի հարթություններն ու ծավալները:
Վալմարը փորձում է մարմնավորել ժամանակի գաղափարը, և այն լռությունը, որով լի են նրա գեղանկարները, որոնք ստիպում են ականջ դնել բնության անլսելի երաժշտությանը և նրա թաքնված ռիթմերին, հայտնաբերելով պատկերվող առարկաների ոչ ակնհայտ հատկանիշները:
Շփումը Վալմարի հետ ձեռք է բերում վստահության և մտերմության բնույթ, քանի որ այստեղ թագավորում է անհատի կանոնավորության և էսթետիկ ազնվության օրենքը:

Մարինա Ստեփանյան,
Արվեստաբան

Այսօր էլ Վալմարը զարմացնում է իր ստեղծագործական բեղուն եռանդով, նախանձելի աշխատասիրությամբ` տարեց տարի հանդիսատեսի դատին հանձնելով նորանոր կտավներ: Եվ այդ ամբողջ ընթացքում չի նվազում նրա արվեստի հանդեպ հետաքրքրությունը:
Այն, որ Վալմարի ստեղծագործությունը գեղարվեստական ինքնատիպ երևույթ է, վեր է կասկածից և ընդունվում է շատերի կողմից: Պատահական չէ, որ նրա աշխատանքները բարձր են գնահատել հայ կերպարվեստի հեղինակավոր, իրենց դատողությունների մեջ անկախ ու խստապահանջ այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Երվանդ Քոչարը, Գառզուն, Ժանսեմը, Հակոբ Հակոբյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը, Աշոտ Մելքոնյանը…
Վալմարի երփնագիր և գրաֆիկական լավագույն գործերն աչքի են ընկնում գծանկարի անսովոր մաքրությամբ, գույների խնամկոտ ընտրությամբ, կոմպոզիցիոն հմուտ դաշնավորությամբ, ֆակտուրային նուրբ մշակումներով: Այդ ամենը վկայում է արվեստագետի ինչպես պրոֆեսիոնալ վարպետության, այնպես էլ գեղարվեստական կիրթ ճաշակի մասին:
Սա ներհայաց անվրդով, լուռ ու երազկոտ մտորումներով, լուսավոր թեթև տխրությամբ լեցուն, մտամփոփ արվեստ է: Այստեղ ամենաթափանց լռություն է տիրում, բայց այն հղի է անձայն, անհնչյուն երաժշտությամբ: Վալմարը ունեցել է ստեղծագործական հաստատ, անկաշառ յուր համոզմունքը, և դրա հիմքում նա միշտ դրել է գեղեցկության ու ներդաշնակության իդեալները – իդեալներ, որոնք գրեթե մոռացվել են մերօրյա, արդի նկարիչներից շատերի կողմից:
Տարիների ընթացքում Վալմարը մշակել է հեղինակային իր անկրկնելի ձեռագիրը, ինքնարտահայտման սեփական կերպը, որը շարունակ կատարելագործել ու հստակեցրել Է: Դրան հասնելը բնավ հեշտ չէ, դա հաջողվում է միայն բացահայտ շնորհքով օժտված, վառ անհատներին, որպիսին է նաև Վալմարը` արվեստագետ, ով անընդհատ արարում է, երբեք չի գոհանում արդեն եղածով ու մտադիր չէ ժամկետներից շուտ հանգչել դափնե մահճի վրա:

ԱՐԱՐԱՏ ԱՂԱՍՅԱՆ 15.02.2010թ.
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

Menu