ԿԱՐԾԻՔՆԵՐ

ՊՈԵՏԻԿ ԽԱՌՆՎԱԾՔՈՎ ՆԿԱՐՉՈՒՀԻՆ

Բանաստեղծական նուրբ հոգու տեր Հռիփսիմե Մարգարյանն իր արվեստով իրար է շաղկապում նկարչությունն ու երաժշտությունը՝ չասելու համար նաև պոեզիան: Որքան էլ վերացական է ստեղծագործելու նրա ոճը, վերացապաշտ արվեստագետ չէ նա: Ուշադիր հայացքը նրա գործերում կհայտնաբերի մայր բնությունն իր տարրալուծված մանրամասներով՝ ծովի տարերք ու տիեզերքի անհունություն, մոլորակներ՝ իրենց ուղեծրերի մեջ ներառված նռան ուրվապատկերներով, ինչպես նաև պայմանական ծաղիկներ ու աշնանային տերևներ: Ընդ որում, այդ ամենը մեզ է ներկայանում նկարչի երևակայության մեջ երևակվելուց հետո միայն՝ արտահայտվելով վառ, ժանսեմյան զգայաթրթիռ գույներով ու գծերով:

Տարիների ընթացքում իր ոճը ստեղծած և անշփոթելի ձեռագիր ունեցող կերպարվեստագետ է Հռիփսիմեն: Նրա ստեղծագործության գլխավոր հայտանիշը ճաշակն է, որ ճառագում է նրա՝ անխտիր բոլոր գործերից: Այնքա՜ն ներդաշնակություն կա դրանց մեջ, այնքա՜ն սեր ու խաղաղություն: Տպավորում է հատկապես հակադիր գույների մեղմ զրույցը, դրանց անհաշտ հաշտությունը:  Մինչդեռ իրականում ոչ թե աշխարհն է այդքան ներդաշնակ, այլ նկարչուհու հայացքը՝ ուղղված այդ աշխարհին:

Իրականության քնարական վերապրումն է Հռիփսիմե Մարգարյանի ստեղծագործությունների հիմքն ու հենքը: Դրանք վստահաբար ստեղծված են ի հետևանս հեղինակին համակած զգացողության ու տրամադրության ելևէջների՝ իրենց մեջ ակնհայտորեն կրելով երաժշտություն և դիտողին փոխադրելով հնչյունների վերերկրային տիրույթ: Հավանաբար այդ պատճառով նրա նկարներում ես ուզեցի նաև նոտաներ փնտրել ու… գտա դրանք: Գտա ոչ թե գծանշված պատկերների, այլ մաժորային հնչեղության հոսող գույների, իսկ ավելի ճիշտ՝ երանգների տեսքով:

Երևի ավելի լավ, քան հեղինակն ինքն է գրում աշնանային թեմայով իր մի բանաստեղծության մեջ, չես բնորոշի Հռիփսիմեի ստեղծագործության էությունը.

Դեղինի շուրթից պոկված մի ժպիտ,

Տերևի փոշուց համեմված համբույր,

Արևի լույսից ջերմացած թռիչք,

Թովիչ աշունի մի մեծ սեր մաքուր…

Ես շատ կսպասեմ այս նուրբ հոգու տեր նկարչուհու բանաստեղծական ժողովածուի լույսընծայմանը, որն ամենայն հավանականությամբ կկրի “Հոսող գույներ” խորագիրը:

Լևոն Լաճիկյան
Գեղագետ, արվեստաբան

 

Հռիփսիմեի աշխատանքները վկայում են արվեստի աշխարհում ծնված մի նոր աճող, հիասքանչ արվեստագետի մասին: Այս յուրահատուկ ստեղծագործական զուգերգը ծնում է մի նոր հրաշալի որակ, որը անսովոր կապ է ստեղծում երկնայինի և երկրայինի միջեվ: Դիտողի պատկերացումները դառնում են ավելի խորունկ, ընդլայնվում է նրա տեսունակությունը, և այսպիսով տիեզերականը դառնում է նույնքան պատկերավոր և ընկալելի, ինչպես երկրայինը:

Էդմոնդ Միանսարյան
արվեստաբան

Հռիփսիմեն ապացուցում է, որ ի զորու է իշխել հանդիսատեսի երևակայությանը:
Նա ունի աստվածատուր մի շնորհ` ցանկացած պատկերը ռիթմի, գույնի, գծի և տարածության կտրվածքով տեսնելու շնորհը: Այս ամենը կտավին է հանձնվում Հռիփսիմեի թեթև , բայց վստահ ձեռքով, ստեղծելով ներդաշնակ կոմպոզիցիա, որի գեղեցկությունը փոխ է առնված բնությունից` ամպերից, ծառերից, ծովից…Իսկ սա` խոստումնալից երիտասարդ նկարչուհու ապագա հաջողությունների գրավականն է:

Մարինա Ստեփանյան
արվեստաբան

Հռիփսիմեի արվեստը գունագեղ արտացոլումներ են մարդկային հոգու երազների ու քնքշանքի:
Վառ երևակայությունը, գույնի յուրահատուկ զգացումը միահյուսված են երկրաչափական ձևերի հետ: Երիտասարդ նկարչուհին ստեղծում է էքսպրեսիվ արվեստ, որը լի է ռոմանտիզմով և լավատեսությամբ:

Ռիչառդ Ժերանյան
նկարիչ, Փարիզ

Հռիփսիմե Մարգարյանի նկարները, որոնց ցուցադրելու պատիվն ունեցա Մարսելում, դիտողին պարգևում են «բանաստեղծականության» զգացողություն և տանում մի ուրիշ` գեղեցկության, ճաշակի ու նրբագեղության աշխարհ:
Իր ստեղծագործ համարձակության շնորհիվ, վստահ եմ, Հռիփսիմեի արվեստը Հայաստանի արվեստի վրա դրվագում է ժամանակակիցը:

Ժոսլին Զաբելա-Գրենդոժ
նկարիչների տան տնօրեն,
Մարսել, Ֆրանսիա

Menu